Կոռուպցիայի դեմ պայքարը ՉԺՀ իշխանությունների առաջնային խնդիրներից մեկն է։ Երկար տարիներ երկրում այն մղվել է մեթոդաբար ու հետևողականորեն, բայց միայն Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո, ով մի պահանջկոտ ու տիրական մարդ է, Դեն Սյաոպինի հին պատգամը, թե «մեղմ ձեռքով հանցավորության դեմ չես կռվի», համատարած նորմ է դարձել։ Աշխարհի լրատվամիջոցները կանոնավորապես անդրադառնում են այս թեմային, մենք ևս պատմել ենք Չինաստանում ձեռնարկվող համակարգային միջոցների մասին։ Դրանք թույլ են տալիս էապես սահմանափակել ոչ միայն գողությունը, այլև գողացածն օրինականացնելու հնարավորությունը։ Սակայն բավական երկար ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարում գործում էին, ճիշտ է, առանց հրապարակայնության, որոշակի, առաջին հերթին ուժային կառույցներին առնչվող սահմանափակումներ, և միայն այն բանից հետո, երբ նախագահ Սին հայտարարեց, որ կոռուպցիան գլխավոր սպառնալիքն է դարձել պետության համար, ընդհուպ մինչև երկրի ամբողջականությունը, այդ բազմամյա արգելքը հանվեց։
Անցած տարի չինական ղեկավար կազմում սկսված զանգվածային ձերբակալությունները, որոնց հետևանքով ճաղերի հետևում հայտնվեց ընդհանուր առմամբ մի քանի հարյուր մարդ, դիպան նաև հատուկ ծառայություններին, ներառյալ հանրային անվտանգության նախարարությունը կամ «Գոնգանբուն»։ Կարևոր է, որ կալանավորվեցին բնավ էլ ոչ շարքային մարդիկ՝ սկսած հատուկ ծառայությունների համակարգող Չժոու Յունկանից ու նրա անձնական քարտուղարից և վերջացրած մի շարք տարածաշրջանային ղեկավարներով, ինչպիսին է, ասենք, Վոնգ Յոնգը՝ երկրի խոշորագույն, կենտրոնական ենթակայության Չունցին քաղաքի «Գոնգանբուի» ղեկավարը, ով մեղադրվում է «սև շուկային» տանիք կանգնելու մեջ։ Արդյունքում մի քանի հարյուր չինացի չեկիստ է ձերբակալվել։ Թեև մեծ մասամբ առաջադրված մեղադրանքները դեռևս չեն հրապարակայնացվել, բայց չինական հանրությունը կարծում է, որ կալանավորվածների գոնե մի մասը կարող է առնչված լինել «Airbus» ընկերության շահերի պաշտպանության հետ կապված աղմուկին։ Իրոք, «Airbus»-ի հաջողությունը Չինաստանում առանձնապես տպավորիչ է. այստեղ շահագործման մեջ էր ավիաընկերության մոտ 1000 ինքնաթիռ, իրենից շատ հետ թողնելով աշխարհի մյուս բոլոր ավիացիոն մակնիշները։ Աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ երկու թուրք գործարար և Չինաստանի մեկ քաղաքացի՝ թուրքալեզու Սինցզյան-ՈՒյղուրական ինքնավար օկրուգից, սկանդալ սարքեցին՝ «Գոնգանբուի» հետ կապված մարդկանցից պահանջելով 400 մլն դոլար, քանի որ նրանք, իբր, օգնել են շահելու Չինաստանում ինքնաթիռի վաճառքի պայմանագրային փաթեթը։ Բացի այդ, նրանց պնդումների համաձայն, նրանք նպաստել են ինքնաթիռների մատակարարման պայմանագրեր կնքելուն ֆրանս-գերմանական «Eurocopter» ընկերության և չինական ուժային ծառայությունների միջև, ներառյալ ՆԳՆ-ն և պետանվտանգությունը։ «Փողերը հետ բերելու» «գործարարների» փորձը, ըստ էության, ձախողվեց, ինչը, սակայն, իրավասու մարմիններին չխանգարեց, որ մոտիկից զբաղվեն աղմուկի բոլոր մասնակիցներով։ Մինչդեռ այդ վարկածը, ինչպես նաև «Գոնգանբուում» կատարված ձերբակալությունների հետ կապված ուրիշ շատ վարկածներ, առայժմ սոսկ հետաքրքրական և պաշտոնապես չհաստատված «լրտեսական պատմությունից» այն կողմ չի անցնում։ Այդուհանդերձ, միայն «հանցանքի պահին» «Գոնգանբաուի» համակարգող Չժոու Յունկանի և նրա ենթակաների ձերբակալության ժամանակ առգրավվեցին աստղաբաշխական գումարի՝ մոտ 14 մլրդ դոլարի թանկարժեք իրեր, ավտոմեքենաներ։ Հետաքննության շրջանակներում Չինաստանի կոմկուսի կենտրոնական կարգապահական հանձնաժողովը հարցաքննեց նաև «Գոնգանբուի» ղեկավար Գեն Հուեյչանին, ով, հանձնաժողովի հետևությունների համաձայն, առայժմ որպես մեղադրյալ չի ներկայանում, բայց, ինքնըստինքյան, դա աննախադեպ բան է։ Միաժամանակ, պետք է նկատել, որ վերջին ժամանակներս, ինչպես հաղորդում են աշխարհի լրատվամիջոցները, ՉԺՀ-ի չեկիստները մի ամբողջ շարք ձախողումներ են թույլ տվել, այդ թվում՝ Թայվանում էլեկտրոնային սարքավորումների արմատավորման հարցում թույլ տրված ձախողումը և անցած տարի մալայզիական «Բոինգ» MH 370 ինքնաթիռի անհետացման հետ կապված անհաջող գործողությունները։ ՈՒստի, որոշ փորձագետների կարծիքով, չի կարելի բացառել, որ չինական հատուկ ծառայությունների այդ անհաջողություններն էլ ՉԺՀ-ի ղեկավարությանը հարկադրեցին շտապ միջոցներ ձեռնարկել և «ձգել պնդօղակները», և հենց այդ գործողություններն էլ պաշտոնապես քողարկվում էին «կոռուպցիայի դեմ պայքարով»։
Բայց ինչ էլ լինի, գործընթացն սկսվել է, և շուտով Չինաստանի «անձեռնմխելիների ակումբը» է՛լ ավելի կնոսրանա, ընդ որում՝ այն անձանց հաշվին, որոնց հանդեպ առաջ միանգամայն աներևակայելի էր, թե որևէ մեղադրանք կառաջադրվի։ Մի շարք հափշտակությունների և իշխանության վերազանցման փաստերի գործով լայն հետաքննությունների շրջանակներում վերջերս գործեր հարուցվեցին Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի 14 բարձրաստիճան սպաների նկատմամբ։ Առանձնակի սենսացիա էր Կենտրոնական ռազմական խորհրդի նախկին ղեկավար, ՉԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, գեներալ գնդապետ Գո Բոսյունի որդու՝ 45-ամյա Գո Չժենգանի ձերբակալությունը։ Վերջերս բարձրացրել էին Գո Չժենգանի պաշտոնը. նա նշանակվել էր Չժեցզյանի զինվորական օկրուգի քաղաքական կոմիսարի տեղակալ, ինչը, սակայն, չի խանգարել, որ շուտով նա մեղադրվի լուրջ խախտումների մեջ։ Վերլուծաբանների կարծիքով, սկսված հետաքննության շրջանակներում, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կներկայացվի նաև հենց Գո Բոսյունին։ Բոլոր հետաքննությունները հանձնվել են զինվորական դատական մարմիններին։ Բացի այդ, հայտնի է դարձել Լյան Վեյնցզեի նկատմամբ կայացված դատավճիռը. Հունբեյի զինվորական օկրուգի հրամանատարի նախկին տեղակալը դատապարտվել է ցմահ բանտարկության։ Կոռուպցիայի մեղադրանքով տրիբունալի առաջ են կանգնել Կենտրոնական ռազմական խորհրդի ևս մեկ անդամ՝ Սյույ Ցայհոուն, ինչպես նաև ԿՌԽ-ի ղեկավար կազմի երկու նախկին օգնական։ Բացի այդ, վերջերս նախագահ Սին Չինաստանի բանակի սպաներին արգելել է ունենալ որևէ այլ եկամտի աղբյուր, բացի աշխատավարձից։ «Հետայսու սպայակազմի հիմնական եկամուտը պետք է լինի աշխատավարձը»,- նշել է պետության ղեկավարը, որը զբաղեցնում է նաև ՉԿԿ ԿԿ ռազմական խորհրդի և ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահների պոստերը։ Հիմա հրամանատարական կազմին արգելված է «Օգտագործել եկամուտ ստանալու «գորշ սխեմաները» և հարստանալ անօրինական ճանապարհով», հակառակ դեպքում զինծառայողներին հետաքննություն և դատ է սպառնում։
Նկատենք, աշխարհն ուշադրությամբ հետևում է, թե ինչպիսի կոռուպցիոներներ է «բուծում» չինական բանակը։ Վերջերս «Wall Street Journal» հանդեսը ծառայությունն ավարտած և զորացրված չին զինվորականների հետ մի հարցազրույց էր հրապարակել, ասելով, անցած 10 տարիներին «Չինաստանում զինվորական պաշտոնները գնացուցակ են ունեցել»։ Ընդ որում, այս առք ու վաճառքը «ճարակել է ամբողջ բանակը»։ Այդ պատճառով էլ, ենթադրում է հանդեսը, չի բացառվում, որ Չինաստանի ռազմական մեքենան մոտ ժամանակներս «ցրիվ կգա»։ Հասկանալի է, այս կարծիքը երբեք չէր կարող դառնալ գործողության ուղեցույց, բայց այն լիովին համընկնում է կոռուպցիայի, նրա խորքային սպառնալիքների և պետության փլուզման մասին Սի Ցզինպինի թեզիսին։ Ինչպես գրում է «Ժենմին ժիբաո» թերթը, «Կոռուպցիայի դեմ պայքարը միշտ բախվում է մի հակասականության. այն վկայում է կուսակցության և կառավարության վճռականության մասին, դրա հետ մեկտեղ, մարդկանց ցույց է տալիս կոռուպցիայի լրջությունը»։ Իրոք, չինական բանակում կոռուպցիան լուրջ խնդիր է։ Այս տարի զինվորական գերատեսչությունները երկու անգամ բացահայտորեն հրապարակել են այն անձանց ցուցակները, որ գտնվում են ստուգման տակ, դրանց մեջ է հայտնվել գլխավոր հրամանատարների մակարդակից բարձր 30 զինվորական։ Այդ իրադրությունն աննախադեպ է Նոր Չինաստանի բանակի պատմության մեջ։
Արևմուտքի և Ռուսաստանի որոշ փորձագետներ այն տեսակետին են, որ ինչքան ուժեղ է Չինաստանի պայքարը կոռուպցիայի դեմ, այնքան մեծ է ՉԺՀ-ի քայքայման և անգամ կործանման վտանգը։ Եվ, իհարկե, շատերը Չինաստանի նոր ղեկավարության ամբողջ հակակոռուպցիոն շահը հանգեցնում են իշխանության համար անհամ պայքարի և «հին գվարդիայի» ազդեցության չեզոքացման ցանկության։ Այսպես, ՌԳԱ Հեռավոր Արևելքի ինստիտուտի ավագ գիտաշխատող Վասիլի Կաշինի խոսքով, նախագահ Սին ձգտում է երկրի զինվորական-քաղաքական ղեկավարությունը «մաքրել» Կենտրոնական ռազմական խորհրդի տարեց անդամներից, որոնք վաղուց արդեն չեն բավարարում զորքերի կառավարման արդի մակարդակը։ Փորձագետն այստեղ երկու պատճառ է տեսնում։ Նախ, դա ՉԺՀ-ի նախկին ղեկավարության հետ կապված դեմքերից ազատվելն է։ Այստեղից էլ ուժային գերատեսչություններում նրանց դրածոների և հենակետերի վերացումը։ Ընդ որում, նոր սերնդի մեջ զգացվում է ավելի հեռանկարային մտածողություն՝ շաղախված բուն կորպորատիվ մշակույթը շտկելու ձգտմամբ, և ոչ թե պարզապես «իշխանության տեղական ուղղաձիգի» կառավարելիությունը վերականգնելու կամ «հաշիվներ մաքրելու»։ «Աշխատանքների» մյուս ուղղությունը թիկունքի գլխավոր վարչությունն անցանկալի անձանցից մաքրելն է։ Վարչությունն զբաղվում է կապիտալ շինարարությամբ, որտեղ նույնպես չինովնիկների չարաշահումների հետևանքով կուտակված հսկայական խնդիրներ կան։ Ընդհանուր առմամբ, դրսի փորձագետները համարում են, որ թեև ծավալված գործընթացը կարող է հարված հասցնել երկրի քաղաքական համակարգի միաձուլությանը, այն, մյուս կողմից, դրական արդյունք կտա։ Բացի այդ, կարծիք կա նաև, որ չինական գեներալակազմի զանգվածային զտումները հեռագնա հետևանքներ ունեն ՉԺՀ-ի աշխարհաքաղաքական ապագայի համար։
Մեկ անգամ ևս անդրադառնանք «Ժենմին ժիբաո»-ի վերլուծությանը։ Թերթը, ինչպես և Չինաստանի առաջատար վերլուծաբանները, ոչ միայն լիովին հերքում են բացասական հետևանքները, այլև պնդում են, որ «այն հայտարարությունը, թե չինական հանրությունը կորցրել է վստահությունը բանակի նկատմամբ, իրականությանը չի համապատասխանում»։ Նրանց կարծիքով, բանակում կոռուպցիայի դեմ մղվող պայքարը, ընդհակառակը, նպատակաուղղված է պետական քաղաքական իշխանության նկատմամբ մարդկանց վստահության մեծացմանը, իսկ երբ բանակը բացահայտում է «ամոթալի» տվյալները, դա վկայում է կոռուպցիայի դեմ պայքարելու նրա վճռականության մասին։ «Դրա հետ մեկտեղ,- ասվում է հոդվածում,- երբ տարերային աղետների ժամանակ տեսնեն ժողովրդի ծոցից դուրս եկած մարտիկներին, ապա Չինաստանը չի հավատա այն չափազանցված դատողություններին, թե «բոլոր զինվորական պաշտոնները զբաղեցնում են ցինիկները»։ Իր հերթին, նկատում է թերթը, Չինաստանն աշխարհում առաջին տեղում է այդ գոտեմարտում, ու «եթե որոշ երկրներ չեն հրապարակում բանակում եղած կոռուպցիայի տվյալները, դա դեռ չի նշանակում, թե այդ պետությունների զինվորականության կոռումպացվածության աստիճանն ավելի ցածր է, քան Չինաստանի»։
Հարկ է նկատել նաև, որ այս պայմաններում Չինաստանում զինված ուժերի արդիականացման լայն աշխատանքներ են ծավալվել, իսկ չինական բանակի բյուջեն վերջերս մեծացվեց 10 %-ով, և այն, այսպիսով, կկազմի տարեկան 145 մլրդ դոլար (փորձագետները կարծում են, որ ՉԺՀ-ի ռազմական բյուջեի իրական ծավալը շատ ավելի մեծ է հայտարարվածից)։ Բացի այդ, երկրի բանակն ավելի ու ավելի է կողմնորոշվում ոչ թե դեպի գաղափարախոսական անցողիկ չափանիշներ, այլ դեպի պետական ազգայնականություն՝ հակված դեպի հին ավանդույթներ և հենվելով լավագույն համաշխարհային ռազմական փորձի վրա։ Այնպես որ, չինական բանակը մի պատվախնդիր, ապագային միտված օրգանիզմ է, որն ինքն է ձգտում թե՛ մշտական արդիականացման, թե՛ ինքնամաքրման, իսկ նրա ղեկավարության շրջանում ու շարքերում հակակոռուպցիոն պայքարի հաշվարկը կարող է ոչ միայն ամրապնդել այն, այլև մեծացնել շուտով աշխարհի լավագույն զինված ուժերի շարքը դասվելու նրա հնարավորությունը։
Վերջում մի փոքր վիճակագրություն. ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության դատախազ Ցաո Ցզյանմինի զեկույցի համաձայն, 2014 թ. քննվել է 41487 գործ՝ կապված 55101 մարդու կողմից ծառայողական տարբեր հանցագործությունների հետ։ Նախորդ տարվա համեմատ, կալանավորված անձանց թիվը 7,4 %-ով ավելի է։ Պատասխանատվության են ենթարկվել նաև 30 բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արտասահման փախած որոշ կոռուպցիոներներ երկիր են վերադարձել։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից